28/04/2021 09:54
«Ժողովուրդ». Կորոնավիրուսի հաղթահարման համար Վրաստանն էլ գնաց Հայաստանի ճանապարհով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ մեկ տարի առաջ հայ-վրացական հարաբերություններում խոշոր սկանդալ էր պայթել. Հայաստանի այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կասկածի տակ էր դրել Վրաստանի կառավարության կողմից տարվող հակակորոնավիրուսային քաղաքականության արդյունավետությունն ու ասել, որ չի հավատում վրացական իշխանությունների` վարակվածների մասով հնչեցրած թվերին` ակնարկելով դրանց խիստ նվազեցված լինելու մասին: Թորոսյանի այդ հայտարարությունը հանգեցրել էր նրան, որ Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խիստ արձագանքեցին հայ պաշտոնյայի ասածին, իսկ հասարակական շրջանակներում նախարարի ասածը մեկնաբանվեց որպես մասնագիտական նախանձ՝ ուղղված հարևան երկրի առողջապահական համակարգին:
Ինչպես հիշում եք, սույն սկանդալից կարճ ժամանակ անց Վրաստանում համաճարակը ստացավ ահագնացող չափեր ու ստիպեց կառավարությանը գնալ երկիրը փակելու ճանապարհով: Վրաստանում սույն սահմանափակուները գործում են նաև այսօր, վարակվածների թիվն անցել է 300 հազարից, իսկ գրանցված մահացածները 4000-ից ավելին են: Հայաստանում էլ կորոնավիրուսով վարակվածների ու համավարակից մահացածների թվերը շատ չեն տարբերվում, միայն մի տարբերությամբ, որ այս ընթացքում Հայաստանն անցավ պատերազմով, իսկ սահմանափակումները այդքան խիստ չէին»։