29/04/2021 11:25
«Քերոբյանը գործից անտեղյակ է, նույնիսկ չգիտի՝ ինչ աշխատանք ենք կատարում». Աշխատանքից ազատված մասնագետների ու նախարարի պաշտոնակատարի տեսակետները չեն համընկնում
Էկոնոմիկայի նախարարության՝ աշխատանքից ազատված աշխատակցիները կառավարության շենքի դիմաց հանդիպում են պահանջում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հետ: Նրանք հիմնականում գյուղոլորտի մասնագետներ են և պնդում են, որ իրենց անհիմն են ազատում աշխատանքից:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ որպես կրճատման պատճառ ներկայացվել է իրենց աշխատանքի անարդյունավետությունը, ինչի հետ համաձայն չեն:
«Նախարարը գործից անտեղյակ է, նույնիսկ չգիտի, թե մենք ինչ աշխատանք ենք կատարում, որն է մեր պարտականությունը, ինչ մասնագետներ են աշխատում: Պատահականության սկզբունքով օպտիմալացնում է, մտածված քայլ չի կատարվել», - ասաց բողոքողներից մեկը՝ պնդելով, որ իշխանության առաջին սխալը Գյուղատնտեսության նախարարությունը փակելն էր:
Լրագրողների հետ զրույցում Քերոբյանն, անդրադառնալով խնդրին, նշեց, որ փորձում են ստեղծել որքան հնարավոր է բարձր արժեք և հարկատուների միջոցները ծախսել արդյունավետ:
«Այդ գործողությունների արդյունքում լինում են, իհարկե, փոփոխություններ։ Նախարարության բոլոր կառույցներում փոփոխություններ են արվում։ Որոշ բաժիններ, որոնք արդեն արդիական չեն, փակվում են, որոշ բաժիններ, որոնք պետք է ստեղծվեն՝ ստեղծվում են», - ասաց Քերոբյանը։