29/04/2021 11:21
Մեր օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց չկա. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար
Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ մեր օրակարգում չկա, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Ըստ ամենայնի՝ ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը. կապ չունի, թե երբ է ներմուծվել, միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք «մտցնել»։ Այստեղ մոտեցումը պետք է լինի բավականին սիմետրիկ, երբ քաղաքական մակարդակով կայացվի սիմետրիկ հարաբերությունները վերականգնելու որոշում, այդ ժամանակ արդեն կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունն ինչքան հնարավոր է լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից», - հայտարարեց Վահան Քերոբյանը։