29/04/2021 13:21
«Պատերազմում պարտվելը դառը բան է». Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ այն, ինչ կատարվեց, պլանավորած պարտություն էր
Իր աջակիցների հետ հանդիպմանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ պատերազմի պատասխանները ստանալու են հունիսի 21-ից հետո։
«Մենք պետք է հասկանանք՝ Գլխավոր շտաբի գեներալների հայտարարության տակ էլ ինչ կա, որովհետև երբ կարդում ես այդ հայտարարությունը, զգում ես, որ բոլորը լիքը ասելիք ունեն», - ասել է նա։
Այն, ինչ կատարվել է, Քոչարյանը պնդել է՝ պլանավորած պարտություն էր։
Նա ասել է, թե Հայաստանը պետք է իր հնարավոր բոլոր դիվանագիտական կապերն օգտագործի գերիների վերադարձի հարցով Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու համար։
ՀՀ երկրոդ նախագահը ենթադրում է, որ գերիներին Ադրբեջանը պահում է ինչ-որ ակնկալիքով, որ դրա դիմաց ինչ-որ բան են ստանալու։
«Կարող է դա լինել հյուսիսի հետ կապված, Սյունիքով միջանցք ստանալու հարցը կարող է լինի, Ղարաբաղում Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհի կառուցման հարցը կարող է լինել, նաև Ղարաբաղում Պաշտպանության բանակի կարգավիճակի հարցը կարող է լինել», - ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ գերիների հարցը տարածքային կամ այլ կարգի լուծումների առարկա դառնա։
«Ծանր հարց է, չափազանց ծանր հարց է», - ընդգծել է երկրոդ նախագահը։
Նա ասել է, թե պետք է բանակցային ճանապարհով փորձել լուծել Շուշիի ու Հադրութի հարցը։
«Ընդհանրապես, պատերազմում պարտվելը դառը բան է և եթե ուզում ես նման կարգի հարցերի առջև չկանգնես, պետք է չպարտվես, պետք է անել ամեն ինչ նոր պատերազմի մեջ չմտնելու համար, սա է խնդիրը», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Հայաստանի երկրորդ նախագահը շեշտել է՝ կա լրջագույն կառավարման ճգնաժամ Հայաստանում։
«Այն, ինչ կատարվեց, այդ ճգնաժամի հետևանք է», - ասել է Քոչարյանը։