29/04/2021 10:30
Միջազգային ակտիվությունը մեծացնում է լավատեսությունը՝ գերիների վերադարձի հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ. Վարչապետի պաշտոնակատար
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գերիների թեմային:
«Ըստ էության, Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված անձանց վերադարձնելու, չի կատարում ու կարող ենք արձանագրել, որ այս փաստը դառնում է միջազգային օրակարգի հարց ու ուզում եմ ընդգծել, որ երեկ Եվրամիությունը շատ կարևոր հայտարարութուն է տարածել, որում շատ կանկրետ ու հասցեական արձանագրվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքից», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս հայտարարության մեջ հղում է արվում ՄԻԵԴ-ում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է իրավական կոմպոնենտ, որը չափազանց կարևոր է:
«Ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է ու մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար ու հետևողական, այս հարցը միանշանակ դրական լուծում պիտի ստանա», - հայտարարեց Փաշինյանը: