29/04/2021 15:58
Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է. Արծվիկ Մինասյանը՝ քննչական վարչություն հրավիրվելու մասին
Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը Երևանի քննչական վարչություն են հրավիրվել հարցաքննության։
«Սա այն գործի շրջանակներում է, երբ դատախազը և դատախազության պատասխանատուները ցուցաբերեցին բացահայտ անհարգալից վերաբերմունք մեր հազարաբվոր քաղաքացիների պահանջների նկատմամբ», - քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։
Նա ասաց՝ երբ մի քանի հեղափոխականներ հավաքվում էին դատախազության դիմաց, դատախազը պատիվ էր անում և հանդիպում նրանց, բացատրություն տալիս։
«Այս դեպքում, երբ խոսքը հերոսական սյունեցիների իրավունքների ոտնահարման, նրանց բռնի բերման ենթարկելու, ապօրինություններով մարդկանց ազատությունից զրկելու մասին է, և երբ հազարավոր քաղաքացիներ պահանջում էին իջնել ներքև ու բացատրություն տալ, նրանք ոչ միայն անտարբերության մատնեցին, հետո նաև իրենց անպատասխանատվության և անտարբերության պատճառով տեղի ունեցավ այն քաղաքացիական անհնազանդությանը, որն արժանացավ ոստիկանության բիրտ, ապօրինի գործողություններին։ Այդ ամենի հետևանքով մենք այդ օրն ունեցել ենք 14 բերման ենթարկվածներ, ունենք քաղբանտրկյալ։ Այսքանից հետո հիմա նորից փորձել մեզ ներգրավել այս գործընթացի մեջ, նշանակում է, որ կազմակերպված ձևով քաղաքական հետապնդումը շարունակում է իրականացվել», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք՝ քննչական վարչություն հրավիրված դաշնակցականների պաշտպան Բենիկ Գալստյանն այսօր հայտարարել էր, թե նրանք հրավիրվել են հարցաքննության այն բանից հետո, երբ այսօր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազության մոտ։
Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, սակայն, ֆեյսբուքյան գրառումով հակադարձել էր փաստաբանին, նշելով՝ «հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցագրերը կոնկրետ քրեական գործով առձեռն նշված անձանց սկսել են փոխանցվել՝ սկսած դեռևս ապրիլի 27-ից»։
«Ծանուցումը տվել են մի օր շուտ, մի օր ուշ, ոչ մի ձևով չի փոխում այն հարցի էությունը, որ մենք ասում ենք։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Որևէ մեկը՝ լինի դատախազության պտասխանատու, թե ով, չի կարող սա թաքցնել», - ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ այս ամենը որևէ ձևով չի կասեցնելու իրենց պայքարը։
«Խոսքն այս կամ այն զուտ իրավունքի ապահովման մասին չէ, խոսքը հայրենիքի փրկության համար դուրս եկած մարդկանց պայքարը կասեցնելու, ջարդելու մասին է, որը, վստահաբար, իրենց չի հաջողվելու։ Ավելի լավ է իրենք հասկանան, որ պետք է շուտ կանգնեն արժանապատիվ քաղաքացու, պետականության կողքին, այլ ոչ թե ծառայեն հայրենիքը դավաճանած անձին», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց՝ քննչական վարչությունում պատրաստվում է օգտվել լռելու իր իրավունքից։