29/04/2021 10:25
«Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է». Նիկոլ Փաշինյանը հրահանգնեց՝ 1 շաբաթում գործադիրի բոլոր անդամները պատվաստվեն
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին:
«Ավելի քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայամաններում ու մեր ռազմավարությունը ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե պատերազմի պատճառով գուցե ուշադրություն չեն դարձրել պատվաստումներին, սակայն հիմա կա պատվասման բավականին մեծ պոտենցիալ, սակայն բախվում են մի խնդրի, որ այդ պոտենցիալը պատշաճ մակարդակով չի իրականացվում:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ այսօր գրանցվել է 656 նոր դրական դեպք, 2000-ից ավելի վարակակիր գտնվում է հիվանդանոցներում:
«Երեկ գրանցվել է 16 մահ, արդեն 4000-ի սահմանը, ցավոք, հատել ենք մահերի դեպքերով», - ասաց նա:
Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում հասանելի են պատվաստանյութերը. մի քանի օր է՝ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու:
Նա նաև ասաց, թե երեկ ինքն ու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պատվաստվել են, ինքն իրեն լավ է զգում:
«Պատվաստումը այն միակ միջոցն է, որն օգնելու է վերջ դնելու մահերի աղետալի ընթացքին ու զսպելու հաջորդ աղետալի ընթացքին», - ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ պետք է սկսել իրենցից՝ մի շաբաթվա ընթացքում գործադիրի բոլոր անդամները պետք է պատվաստվեն:
«Եթե որևէ պատվաստանյութ ներկայացնի որևէ վտանգ քաղաքացիների առողջությանը, կյանքին, ՀՀ կառավարությունն ուղղակի այդ պատվաստանյութը չի ընդունի», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ շատ մեծ լրատվական շահարկումներ կան պատվաստանյութերի առումով:
«Ամենևին զարմանալի չէ այն արշավը, որ կա Հայաստանում, որովհետև պատվաստումների դեմ, ցավոք սրտի, վերջին տարիներին Հայաստանում շարժումներ են սկսվել, որոնք չգիտես, թե ինչ նպատակ ունեն: Մենք բոլորս պետք է պատվաստվենք: Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է. Հիմա աշխարհում պատվաստվածների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով, այնպես որ՝ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ շատ շուտով որևէ ճամփորդության համար պատվաստումը պետք է պարտադիր լինի: