30/04/2021 18:36
Ուռճացված նախահաշի՞վ, թե՞ անհիմն մերժում. Քաղաքապետարանը պարզաբանում է, թե ինչու չի ֆինանսավորել Ջազի օրը Սիրահարների այգում նախատեսված համերգը
Երևանի քաղաքապետարանը մերժել է Ջազի հայկական ասոցիացիայի՝ Երևանում Ջազի միջազգային օրը Սիրահարների այգում անցկացնելու նախաձեռնությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը: Նա մայիսի 1-ին նաև ասուլիս է հրավիրել, որի ընթացքում խոստացել է ներկայացնել քաղաքապետարանի գրավոր մերժման բովանդակությունն ու դրա անհիմն լինելու փաստերը:
Aysor.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ընդգծեց՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից Երևանի մի քանի փողոցներում կազմակերպված միջոցառումները, որոնք նվիրվում են Ջազի միջազգային օրվան, բնականաբար, չեն չեղարկվել: Պարզապես մերժվել է Սիրահարների այգում ծրագրված միջոցառման ֆինանսավորումը, որը նախաձեռնել էր Ջազի հայկական ասոցիացիան: Ու այդ մերժման համար քաղաքապետարանը հիմնավոր պատճառներ ունի:
«Քաղաքապետարանը նման միջոցառման մասին չի հայտարարել, դա մեր նախաձեռնությունը չէ: Մի քանի տարի Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ Երևանում ջազ-համերգ է իրականացվել: Նախորդ տարի այն տեղի չունեցավ համավարակի պատճառով: Այս տարի ասոցիացիան կրկին դիմեց, քաղաքապետարանն էլ, հաշվի առնելով և՛ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, և՛ հետպատերազմական վիճակը՝ առաջարկեց նախահաշիվ ներկայացնել: Ներկայացված նախահաշիվն ուսումնասիրելիս ակնհայտ տվյալներ են ի հայտ եկել, որ այդ նախահաշիվը խիստ, գրեթե կրկնակի ուռճացված է», - մանրամասնեց Հակոբ Կարապետյանը:
Ներկայացված ծրագիրն իրականացնելու նպատակով նախատեսված աշխատանքներն ու գումարը քաղաքապետարանի համար արժանահավատ չեն եղել, գործն ու գումարի չափսը միմյանց անհամարժեք են եղել: Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում միայն մեկ օրինակ բերեց՝ պահանջվող գումարի միայն 10 տոկոսը կազմակերպչական աշխատանքների համար էր, այնինչ, սա ոչ թե կոմերցիոն միջոցառում է ներկայացվում, այլ՝ ջազի հանրահռչակմանը նվիրված միջոցառում:
«Մենք պետք է հասկանանք՝ մարդիկ երաժշտության «իմպրեսարիոներ» ե՞ն, թե՞ փորձում են փող աշխատել: Իհարկե, փող աշխատելը վատ բան չէ, բայց իրերն իրենց ճիշտ անուններով պետք է կոչել... Հաշվի առնելով այդ ողջամիտ կասկածը՝ այդ տվյալներն ուղարկվել են համապատասխան մարմիններին՝ ուսումնասիրման ու հնարավոր չարաշահման պատասխանատուներին հայտնաբերելու նպատակով: Այդ պատճառով էլ քաղաքապետարանը հրաժարվել է համերգ կազմակերպելու համար ֆինանսավորում տրամադրել այդ ասոցիացիային: Այնպես որ, քաղաքապետարանը որևէ համերգ ո՛չ չեղարկել է, ո՛չ էլ արգելել, ուղղակի վերը նշված պատճառներով՝ նպատակահարմար չի գտել ֆինանսավորել», - եզրափակեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:
Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը Aysor.am-ին ծավալուն պարզաբանում չտվեց, միայն շեշտեց՝ քաղաքապետարանի մերժումը հիմնավոր պատճառներ չունի: Մանրամասների մասին վաղն անպայման կխոսի։