30/04/2021 22:39
Այս իշխանությունների համար մարդկային կյանքը արժեք չունի. եթե մենք գայլ ենք, իրենք շնագայլեր են, կարծեմ ռուսերեն «шакал» են ասում. ՀՀ երրորդ նախագահ
Այս վարչապետի համար, այս իշխանությունների համար մարդկային կյանքը արժեք չունի: Եթե արժեք ունենար, ապա մենք եթե ունենայինք պատերազմ, կունենայինք ոչ այսպիսի արդյունքներով: Սա միանշանակ է: Եվ իմ հրաժարականի տեքստում հենց նաև դրա մասին էր խոսքը, երբ ես ասում էի, որ կարծում էի նրա համար մարդկային կյանքը թանկ արժե, Մհեր Մկրտչյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այո, կարծում եմ, որ այս վարչապետը, այս իշխանությունները կամավոր հրաժարական չեն տա: Չնայած այս երեք տարիներին միայն քանդելով են զբաղված եղել, միայն քանդել են: Քանդել են, մարդկանց տարել են, չեմ ուզում այդ բառը ասել, համենայն դեպս տարել են պատերազմ՝ վստահ լինելով, համոզված լինելով, որ ունենալու ենք անհամաչափ քանակի զոհեր: Իսկ ինչո՞ւ իշխանությունը պահելու համար նրանք ուժ չեն կիրառի, անհամաչափ ուժ: Մենք տեսանք այդ անհամաչափ ուժի կիրառումը տարբեր տեղերում և հիմա էլ տեսնում ենք այս օրերին, թե ինչպես են իրենց պահում ոստիկանները, իրավապահ մարմիններն այն մարդկանց հանդեպ, ովքեր համարձակվել են անվայելուչ խոսք ասել վարչապետի հասցեին: Այսինքն, վարչապետը կարող է բոլորի հասցեին ինչ ասես ասել, ուրիշներն իր հասցեին չե՞ն կարող ասել: Այսինքն, ինչո՞ւ նա կարող է մի ստվար հատվածի, ժողովրդի մի ստվար հատվածի անվանել գայլ, իսկ ինքն իրեն՝ գելխեղդ, իսկ մի սովորական քաղաքացի վարչապետին չի կարող անվանել, չգիտեմ, կա՛մ հիմար, կա՛մ մեկ այլ անուն տալ», - ասել է Սարգսյանը։
Նա ասել է, թե չի վիրավորվել, որ իրենց համեմատել են գայլի հետ։
«Ես հիմա ուզում եմ ասել հետևյալը. եթե մենք գայլ ենք, ապա ես կարող եմ դրանից շատ չվիրավորվել, որովհետև գայլը բոլոր դեպքերում նենգ չի: Եթե մենք գայլ ենք, իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են: Կարծեմ ռուսերեն «шакал» են ասում շնագայլերին:
Այնպես որ, եթե դու քեզ թույլ ես տալիս մեկ ուրիշին վիրավորելու, ապա պետք է պատրաստ լինես նաև ուրիշի կողմից վիրավորանք ստանալ: Եվ ամեն անգամ վիրավորանք ստանալով՝ բիրտ ո՞ւժ կիրառես, ցուցումնե՞ր տաս իրավապահ մարմիններին: Մենք դա չենք արել: Միգուցե, իշխանություն պահելու ձևը սա է: Բայց դա ինձ համար չէ», - ասել է ՀՀ երրորդ նախագահը։