30/04/2021 15:29
Ջազի միջազգային օրը Երևանում չի կայանա. Երևանի քաղաքապետարանը թույլ չի տվել
Երևանի քաղքապետարանը մերժել է Ջազի հայկական ասոցիացիային՝ Երևանում Ջազի միջազգային օրն անցկացնելու նախաձեռնությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյան:
«Հարգելի երևանցիներ և Երևան քաղաքի հյուրեր: Ջազի Հայկական Ասոցիացիայի կողմից նախապես հայտարարված ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրվա 10-րդ հոբելյանին նվիրված միջոցառումը Սիրահարների այգում չեղարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-գրել է նա:
Թեմայի շուրջ Կամո Մովսիսյանը կխոսի մայիսի 1-ին հրավիրած ասուլիսին:
Ասուլիսի ընթացքում Կամո Մովսեսյանը կհրապարակի Երևանի քաղաքապետարանի գրավոր մերժման բովանդակությունը և կներկայացնի դրա անհիմն լինելու փաստերը:
Ջազի միջազգային օրը Երևանում անցկացվում է 2012 թ-ի ապրիլի 30-ից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ջազի կնքահայր Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ապրիլի 30-ը հռչակեց Ջազի միջազգային օր: Առաջին իսկ տարվանից ջազի միջազգային տոնին միացել է նաև Երևանը, միջոցառումը 9 տարի շարունակ եղել է Երևանի քաղաքապետարանի միջոցառումների ցանկում:
Ջազի միջազգային օրն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, իրականացրել է և Ջազի հայկական ասոցիացիան: Այս տարի պետք է նշվել 10-րդ անգամ, ի դեպ միջոցառումը դեռ կա այդ ցանկում: Ջազի միջազգային օրը բազմաթիվ ջազ լեգենդներ են եկել Երևան` բասկիթառահար Ռիչարդ Բոնանը, սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը, «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը:
Ջազի միջազգային օրը Երևանում տոն դարձնելու հանգամանքը նկատել են նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակում: Ղեկավար Հերբի Հենկոկի կողմից շնորհակալական նամակ են ուղարկել Ջազի հայկական ասոցիոցիային: Շնորհակալություն են հայտնել, որ Հայաստանը միացել է Ջազի միջազգային օրվան և այդպիսի շուքով է նշում` նպաստելով ջազի տարածմանը: