01/05/2021 12:26
Արթուր Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում. Սոս Հակոբյան
Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը` «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Այս պահին հստակ է որոշումը միայն դաշինքով գնալու։ Ցուցակի, դաշինքի անվան, ծրագրային դրույթների վերաբերյալ դեռևս աշխատանքներ են իրականացվում, և երբ ընտրությունների վերաբերյալ հրամանագիրը լինի, դրանք կհրապարակվեն», - ասաց Հակոբյանը։
Կուսակցության մամուլի քարտուղարի խոսքով՝ այնպիսի մարդիկ, որոնց համերաշխությունն օրենքի հետ կարող է կասկածի տակ դրվել, ցուցակում չեն կարող լինել.
«Լինելու են մարդիկ, ովքեր հանրության շրջանում ունեն վստահություն և կարող են օգտակար լինել ՀՀ-ին իրեն կարողությունների շրջանակներում»։
Ինչ վերաբերում է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, Սոս Հակոբյանն ասաց հետևյալը.
«Արթուր Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում և ամբողջ քաղաքական գործընթացում, ինչպես նաև մեր հետ դաշինքի գնացող ուժի ղեկավարը։ Բայց թե ով կլինի ցուցակի առաջին համարում, դա քննարկվող հարց է և դեռ հստակեցում չկա»։