01/05/2021 14:16
«Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը». մենագրության շնորհանդես՝ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ (Տեսանյութ)
2021թվականի ապրիլի 30-ին Երևանի Անի հյուրանոցում տեղի ունեցավ «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրության շնորհանդեսը: Գիրքը կյանքի է կոչվել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և Newmag-ի աջակցությամբ: Գրքի հեղինակը ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանն է:
Շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված. ուղիղ 50 տարի առաջ Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ նախագծվեց ու Երևանի սրտում վեր խոյացավ 16 հարկանի Անի հյուրանոցը:
«Այս մատենաշարի նպատակն է միջազգային չափանիշներով, նոր լույսի ներքո ուսումնասիրել հայկական ճարտարապետական և գեղանկարչական ժառանգությունը, որը հետաքրքրություն կառաջացնի բոլոր սերունդների մոտ, հատկապես՝ երիտասարդների: Այն պետք է հետաքրքիր լինի նաև աշխարհին: Այս գրքով մենք մեկնարկում ենք Հասրաթյան հիմնադրամի Հասրաթյան մատենաշարը», - նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանը:
Ֆենիքս Դարբինյանը համարվում է հայկական մոդեռնիստական ճարտարապետության կարևոր դերակատարներից մեկը: Այն տարիների քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ ու Ֆենիքս Դարբինյանի նախագծերով է արդիականացվել Երևանի կենտրոնը, որտեղ տեղ են գտել մայրաքաղաքի գլխավոր կառույցները, քանդակներն ու շատրվանները: Ցավոք, դրանք այժմ կամ անուշադրության են մատնված, կամ՝ վերափոխված:
«Այս երկու վառ անհատականությունների համագործակցությունը եղել է և՛ արդյունավետ, և շատ հետաքրքիր ու գեղեցիկ: Նրանք գլխավոր դերակատար են ոչ միայն այս գրքում, այլև՝ մեր քաղաքի համար: Մեր տանն անընդհատ հորս կողմից հնչել է Գրիգոր Հասրաթյան անունը, ու ես մինչ այսօր մեծ հարգաքով եմ վերաբերվում: Նա մարդ էր, ով ուներ զարմանալի երևակայություն, որն ուղղակի անսահման էր: Ու կարողանալ դա իրականացնել մի մեծ խումբ մարդկանց միջոցով՝ գագաթնակետն էր, որին նա կարողացավ հասնե», - իր խոսքում ընդգծեց գրքի հեղինակ Կարեն Բալյանը:
Մատենաշարի գաղափարի հեղինակներն են Հասրաթյանների և Մինասյանների ժառանգորդ Միքայել Մինասյանը և Վարդան Կարապետյանը: Հիմնադրամը ստեղծման օրից իր առջև խնդիր է դրել՝ հանրայնացնելու, թե ի՞նչ արժեքներ ենք ունեցել նախկինում, ի՞նչ ժառանգություն է մեզ հասել ու ի՞նչ է այդ ամենի հետ լինելու հետագայում: Ինչպես գործադիր տնօրենն է ընդգծում՝ պետք է վերարժևորել մեր պատմությունն ու լույս սփռել նրա քիչ հայտի էջերին: Հայկական մշակույթի ու արժեքների խրախուսումը ամենակարևորն է և առանցքայինը:
Այս գրքով հիմք է դրվում «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի և Newmag-ի գործըներությանը: Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը տեղեկացրեց՝ գիրքը պետք է լույս տեսներ 2020-ին, սակայն հետաձգվեց: 2021 թվականի աշնանը լույս կտեսնի նկարիչ և ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովին նվիրված մատենաշար:
Մանրամասն՝ տեսանյութում