01/05/2021 16:03
Թատրոնի միջազգային օրը՝ 45 մլն դրամ, Ջազի միջազգային օրը՝ 0 կոպեկ. Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը խտրականություն որակեց քաղաքապետարանի մոտեցումը
Ջազի հայկական ասոցիացիան, լինելով փորձառու և պարկեշտ կազմակերպություն, 2021 թվականի փետրվարի 15-ից նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի աջակցեն Ջազի միջազգային օրվան նվիրված մի ջոցառումը կազմակերպելուն, այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ասոցիացիայի նախագահ Կարեն Մովսեսյանը:
«Քանի որ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նամակ ենք ստացել, թե օրվա կապակցությամբ ի՞նչ ենք կազմակերպելու այս տարի Երևան քաղաքում, այն կցել ենք մեր նամակին ու ներկայացրել Երևանի քաղաքապետին: Սակայն ստացանք իրենց բանավոր պատասխանը՝ նպատակահարմար չենք գտնում կազմակերպել այդ միջոցառումը: Դա մեզ համար անակնկալ էր, նման բան չէինք սպասում: Ու այդ պահին մեզ ոչ ոք չի բացատրում պատճառը: Մոտ 10 օր անց կրկին բանավոր մեզ ասացին՝ այո, այս տարի ևս համատեղ կկազմակերպենք, բայց մի փոքր այլ ֆորմատով: Մենք համաձայնվեցինք», - մանրամասնեց նա:
Կարեն Մովսեսյանի խոսքով՝ այլ ֆորմատ ասելով նկատի են ունեցել, որ միջոցառումը Կասկադում չկազմակերպվի (նախորդ տարիներին մշտապես Կասկադում է կազմակերպվել), այլ իրականանա թանգարաններում: Ասոցիացիան այս առաջարկը ևս ընդունել է:
«Մեր կազմակերպությունը սկսեց աշխատանքները, հրավիրեցինք տեխնիկների, մասնագետների, պայմանավորվեցինք թանգարանների ղեկավարների հետ, բայց որոշ ժամանակ անց Երևանի քաղաքապետարանից կրկին բանավոր «հրահանգ» են ստանում. «Այս տարի չենք ուզում կազմակերպենք անգամ այդ ֆորմատով»: Ես չհասկանալով՝ ինչ է կատարվում, հանդիպեցի քաղաքապետի օգնականին ու բացատրեցի, որ սա 10-րդ հոբելյանական տարին է, ամբողջ աշխարհում տոնը նշվում է, ու սխալ կլինի այսպիսի վարկանիշային միջոցառումը Երևանը չնշի: Օրինակներ եմ ներկայացրել, թե որ երկրում ո՞նց ու ի՞նչ շուքով են կազմակերպում, կրկին ցույց եմ տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նամակը>։
Քաղաքապետարանն այս անգամ կրկին ձևաչափի փոփոխություն է կատարում. միջոցառումը կանցկացվի Սիրահարների այգում, նաև խոստանում են՝ կազմակերպելու համար ասոցիացիային 15 միլիոն դրամ կհատկացնեն
«Միջոցառման անցկացման վայրն ու 15 միլիոն դրամը հնչեցվել է հենց քաղաքապետարանի կողմից», - շեշտեց բանախոսը:
«Այս անգամ էլ այցելում ենք Սիրահարների այգի, պայմանավորվում, այգում 4 տեղ բեմ ենք նախատեսում, ինչը բավական բարդ աշխատանք է տեխնիկների համար: Սա հոբելյանական 10-րդ տարին է, ու ուզում էինք մի փոքր տարբեր ներկայանալ: Վստահելով քաղաքապետի խոսքին՝ ես նույնիսկ չեմ մերժել լրագրողներին ու հանրայնացրել եմ միջոցառման անցկացման վայրը: Սակայն որոշ ժամանակ անց իմանում եմ, որ չեղարկում են միջոցառումը», - ասաց ասոցիացիայի նախագահը:
Լուրը ստանալուն պես Կարեն Մովսեսյանը կապ է հաստատել քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որպեսզի պարզաբանում ստանա:
«Հետպատերազմյան իրավիճակ է, կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ կան, գումարի սղության հետ կապված խնդիրներ կան», - իր ներկայացնելով՝ խոսնակի պատճառաբանությունները բառացիորեն մեջբերեց ասոցիացիայի նախագահը:
«Ընդունեցի, որ պատճառները հարգելի են, բայց հետաքրքրվեցի՝ Ձեր թվարկածները հենց միայն Ջազի միջոզգային օրվա՞ն են վերաբերում: Եթե ոչ, այդ դեպքում 20 օր առաջ քաղաքապետարանի կողմից ինչպե՞ս կազմակերպվեց թատրոնի միջազգային օրը, որը մեծ միջոցառում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքում: Այդ պատճառներն այն ժամանակ չե՞ն գործել: Ինչո՞ւ եք խտրականություն դնում, ի՞նչ տարբերություն՝ Թատրոնի միջազգային օր, թե՞ Ջազի միջազգային օր: Առաջինի դեպքում ծախսում եք 45 միլիոն դրամ, երկրորդի դեպքում՝ 0 կոպեկ: Հիմա էլ պատճառաբանեցին, որ այդ նախահաշիվը հաստատվել էր դեռևս անցած տարի: Հարցնում եմ՝ իսկ դու գիտե՞ք, որ Ջազի միջազգային օրվա համար հատկացվող ամենամյա բյուջեն հստակեցված է դեռևս 2012 թվականից: Դրանից հետո հետևյալ արտահայտությունն է գալիս՝ «ում կուզենք՝ կտանք, ոնց կուզենք՝ կանենք, դա մեր իրավասության ներքո է»: Մեկտեղ ինձ ասում է՝ Ջազի միջազգային օրը Երևան քաղաքի մշակութային միջոցառումների ցանկից հանված է: Փաստորեն, ես այս ու այն կողմ եմ դիմում, մինչդեռ այդ օրը միջոցառումների շարքում չկա», - տարակուսանք հայտնեց վերջինս։
Սակայն Կարեն Մովսեսյանը որոշում է քաղաքապետի խոսնակի ասածը ստուգել քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան հատվածում, որտեղ նշվում է ի սկզբանե որոշված Երևան քաղաքի մշակութային միջոցառումների ցանկը, որոնք պետք է ֆինանսավորվեն պետական բյուջեից: Երևանի քաղաքապետի 2021 թվականի բյուջետային ցանկում սևով սպիտակի վրա գրված է՝ Ջազի միջազգային օր, ապրիլի 30
«Կա՛մ այս տղան տեղյակ չի՝ քաղաքապետարանում ինչ է կատարվում, կա՛մ պարզապես սուտասան է: Ինչևէ, սա թողնում եմ իր խղճին, կուղարկեմ իրեն, որ տեղեկանա», - նշեց նա՝ ակնարկելով Հակոբ Կարապետյանին:
Գրավոր մերժումը Ջազի միջազգային ասոցիացիայի նախագահը ստացել է հենց Ջազի միջազգային օրը: Այնտեղ նշված է, որ իրենց ներկայացրած հաշվարկը ողջամիտ կասկած է հարուցել ներկայացված ծախսերի ուռճացված լինելու առումով, ինչի կապակցությամբ ներկայումս Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը քննություն է իրականացնում: Կարեն Մովսեսյանի մոտ, իր խոսքով, ողջամիտ կասկած է առաջանում՝ ինչի՞ վրա է ծախսվել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հատկացված 45 միլիոնը, այս անգամ ինքն է խնդրում՝ քննություն անցկացրեք:
«Մենք իրենց ուղղակի աշխատանքային թուղթ ենք ներկայացրել, որը ոչ պաշտոնական թուղթ է հանդիսանում, չունի մեր ասոցիացիայի հետ կապված ո՛չ կնիք, ո՛չ ստորագրություն: Պետք է այդ «թղթի» շուրջ քննարկումներ ընթանային ու միասին որոշեինք, Բայց ոչ մի անգամ մեզ քննարկման չհրավիրեցին, ոչ մի զանգ, հարցում այդ թղթում գրվածի հետ կապված չստացանք»:
Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը քաղաքապետարանին աշխատանքային եռօրյա ժամկետ տվեց, որպեսզի վերջինս հրապարակի Ջազի հայկական ասոցիացիայի կողմից քաղաքապետարանին ներկայացված ֆինանսական հաշվարկը: Փաստաթուղթ, որի տակ կլինի ասոցիացիայի կնիքը և ստորագրությունը: Եռօրյա ժամկետի ավարտից հետո Ջազի հայկական ասոցիացիան կդիմի դատարան՝ հերյուրանքի և իր անունը պախարակելու փորձի համար: