03/05/2021 10:31
Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր. Արցախի ԱԺ նախագահ
Նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր, հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ արձագանքելով Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավարի հայտարարությանը, թե «հունիսից Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ»:
Թովմասյանն ընդգծել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ենթակայության տակ չի կարող լինել։
«Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի՝ թվիթերյան էջում կատարած գրառումների շարքն ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի արտահայտությունն է։
2020թ նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր։
Այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։
Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ենթակայության տակ չի կարող լինել։ Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մենք վերականգնելու ենք Արցախի ազատությունն ու անկախությունը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները ևս գիտակցում են, որ անվտանգության ապահովմանը զուգահեռ Արցախի ժողովրդի համար հրատապ է Արցախի կարգավիճակի հարցը։ Անվտանգություն և հստակ կարգավիճակ․ սրանցից մեկի բացակայության դեպքում Արցախը հայաթափվելու է։
Լիահույս ենք, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկն ենք և, որպես անկախ պետություն, պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության պայմանագրեր կնքելու ոչ միայն տարածաշրջանի, այլև բոլոր խաղաղասեր երկրների հետ։
Խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է։ Մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգ», - նշել է Արցախի ԱԺ նախագահը։