03/05/2021 10:17
Ստեփանակերտի համալսարանի ուսանողներն ու ռուս խաղաղապահները գրել են «Հաղթանակի թելադրություն»
Ստեփանակերտի համալսարանի ուսանողները և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները մասնակցել են «Հաղթանակի թելադրություն» ակցիային, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Մեր այսօրվա ակցիան նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձին: Նպատակն էր խթանել տեղի բնակչության հետաքրքրությունը Հայրենական մեծ պատերազմի թեմաների ուսումնասիրության հարցում: Բոլոր մասնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել միջոցառման նկատմամբ և հիանալի արդյունքներ ցույց տվել», - ասել է մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա, կապիտան Իվան Սերգեևը:
«Առաջին հերթին մենք հատուկ ընտրել ենք հարցեր, որպեսզի դրանք համահունչ լինեն տեղի բնակչության պատմական հիշողությանը, փորձել ենք հաշվի առնել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին՝ Լեռնային Ղարաբաղի բնիկներին, և որոշ հարցեր նվիրել նրանց», - հավելել է նա:
Թելադրությունը գրելուն մասնակցել է 2-րդ կուրսի շուրջ 50 ուսանող, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի 10 զինծառայող:
«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ համագործակցության շնորհիվ մենք ընդունել ենք Հաղթանակի թելադրությունն անցկացնելու առաջարկը, քանի որ կարծում ենք, որ դա մեր ընդհանուր հիշողությունն է, մեր ընդհանուր պատմությունը», - ասել է Ստեփանակերտի համալսարանի պրոռեկտոր Վիդիկ Իրոմիշյանը:
«Երիտասարդ սերունդը պարտավոր է իմանալ մեր հերոսների, մեր Հաղթանակի մասին, իմանալ նրանց պատմությունը», - ասել է նա:
Միջոցառման ավարտին, բացի թելադրություն գրելուց, ուսանողներն ու դասախոսներն ընթերցել են բանաստեղծություններ Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին, դիտել վավերագրական ռազմական ֆիլմեր, ինչպես նաև խոսել 1941-1945 թվականներին ռազմաճակատներում զոհված իրենց հարազատների մասին: