03/05/2021 15:58
ԵՄ-ում առաջարկում են թույլ տալ պատվաստված զբոսաշրջիկների մուտքը
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է մեղմել ԵՄ մուտքի առկա սահմանափակումները ոչ էական բնույթի ճանապարհորդության, հատկապես զբոսաշրջության համար՝ հաշվի առնելով պատվաստումների արշավների առաջընթացը և համաճարակաբանական իրավիճակի զարգացումն ամբողջ աշխարհում:
«Հանձնաժողովն առաջարկում է թույլ տալ ԵՄ մուտք գործել բոլոր այն մարդկանց, որոնք ստացել են ԵՄ-ում թույլատրված պատվաստանյութի վերջին առաջարկված չափաբաժինը», - ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Լիազորումը կարող է տարածվել նաև պատվաստանյութերի վրա, որոնք ավարտել են ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների սերտիֆիկացման գործընթացը:
Անդամ պետությունները կարող են թույլատրել ԵՄ մուտք գործել այն մարդկանց, որոնք ժամանումից առնվազն 14 օր առաջ ստացել են ԵՄ-ում հաստատված պատվաստանյութի առաջարկվող չափաբաժինը:
Պատվաստում չստացած երեխաները պետք է հնարավորություն ունենան ճանապարհորդել իրենց պատվաստված ծնողների հետ, եթե նրանք ժամանումից առնվազն 72 ժամ առաջ COVID-19-ի թեստի բացասական պատասխան են ստացել: