03/05/2021 16:27
Ռուբեն Վարդազարյանը դիմել է դատարան
Բարձագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն, ում լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով քրեական գործ հարուցելու և իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշումները։ Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Վարդազարյանը։
Նա նշեց, որ այլ թեմայով չի խոսի, խոստացել է՝ մամուլի ասուլիս է հրավիրելու։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր ստանձնող Գագիկ Ջհանգիրյանն ակտիվ աշխատանքի է անցել, Ռուբեն Վարդազարյանն արձագանքեց. «Թող աշխատի էլի, ես մի քիչ հանգստանամ»։
Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին դռնփակ նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասիհատկանիշներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը. նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին։