04/05/2021 10:49
Ղազանչեցոց եկեղեցու հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ուշադրության կենտրոնում. Մակունց
Այն, ինչ տեղի է ունենում և կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել որպես ռասսիստական պետության քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը։
«Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունն այլ բառ որակել, քան՝ բարբարոսություն, հնարավոր չէ։ Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այդ մարդիկ չունեն մշակութային պատմություն և հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը», - ասաց Մակունցը։
Նա նշեց, թե այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ուշադրության կենտրոնում՝ հետագա լուծումների առումով։
«Հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող արձագանք չունենալ», - հայտարարեց Լիլիթ Մակունցը։