04/05/2021 11:15
2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ նիստում. պետական գաղտնիք է պարունակում (Տեսանյութ)
2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումը կլինի փակ նիստում։ Այդ մասին որոշումն ընդունվեց ԱԺ-ում՝ քվեարկությամբ։
«Այո, հարցը հանրային կարևորություն է ներկայացնում և հանրային հետաքրքրություն է առաջացնում, այլապես չէր դառնա քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկա, բայց աշխատանքների ընթացքում և եզրակացություն կազմելիս պետական տարբեր գերատեսչությունների կողմից արձանագրվել է, որ փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ։ Փաստաթուղթը գաղտնագրվել է, այն գտնվում է ԱԺ-ում, բոլոր պատգամավորները կարող են գնալ և մանրամասն ծանոթանալ», - հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հարցին, թե ինչո՞ւ է հարցը փակ ընթացակարգով քննարկելու։