04/05/2021 09:35
«Հրապարակ». «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն կհայտարարի իր հետագա ծրագրերն ու գործունեության նպատակները
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք ապրիլի 1-ին գրել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են ձևավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին աշխատակիցներ, բարձրաստիճան սպաներ։ Նախաձեռնությունն արդեն գրանցված է, կոչվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ։ Այն նաև գրասենյակ ունի։
Հիմնադիրներն են ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյանը և ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը։ Խորհրդի անդամներից է նաև ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Մայիսի 7-ին նրանք ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելու իրենց ծրագրերն ու գործունեության նպատակները։ Շաբաթ օրը ՀԿ անդամները նիստ են արել և խորհրդի նախագահ ընտրել Հրանտ Եպիսկոպոսյանին։ Թե ինչու հենց Եպիսկոպոսյանին, Միքայել Համբարձումյանը բացատրեց. «Մենք զինվորական աստիճանակարգությունը հարգող մարդիկ ենք, Եպիսկոպոսյան Հրանտը գեներալ-լեյտենանտ է, և, բնականաբար, ինքն էլ պետք է խորհրդի կազմը ղեկավարեր»»։