04/05/2021 11:45
Ծառայությունից խուսափած անձնաց համաներման ենթակա շրջանակն ընդլայնվելու է. նախագիծ
Ծառայությունից խուսափած անձանց համար համաներում առաջարկող օրինագծում նախատեսվող փոփոխությամբ՝ համաներման հնարավոր շահառուների շրջանակն ընդլայնվելու է: Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը ԱԺ-ում նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց, որ նախատեսվում է նաև համաներում կիրառել ոչ միայն 327-րդ հոդվածի առաջին, այլև 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ մեղադրվող, կասկածվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:
«Համաներումը, սակայն, չի կիրառվելու սեպտեմբերի 27-ին հայտարաված զորահավաքային զորակոչից նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ», - ավելացրեց փոխնախարարը:
ԱԺ առաջին ընթերցմանը ներկայացված տարբերակում նախատեսվում է համաներում հայտարարել մինչև 2020թ. սեպտեմբերի 26-ը ներառյալ, 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայի պարտադիր զինվորական կամ այլըտրանքային ծառայությունից, ինչպես նաև զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափած և քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով կասկածվող մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: