04/05/2021 10:52
Մովսես Հակոբյանին մեղադրանք առաջադրելով՝ ԱԱԾ-ն հաստատեց, որ Փաշինյանը պատերազմի երրորդ օրը հրամայել է դադարեցնել ԶՈւ լրահամալրումը. Ղազինյան
Պետական գաղտնիք հրապարակելու կասկածով Մովսես Հակոբյանին մեղադրանք առաջադրելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը իրավաբանորեն հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի երրորդ օրը հրամայել է դադարեցնել Զինված ուժերի լրահամալրումը, այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«Իսկ թե ինչ հետևանք է ունեցել այս հրամանը, կարծում եմ, բոլորդ արդեն լավ գիտեք», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ Նա մեղադրվում է ՔՕ 306 հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։
2020թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ:
Մովսես Հակոբյանը նաև հայտարարել էր, որ Հայաստանը ձեռք է բերել ՍՈՒ-30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել։ Նա ասել էր, որ ՍՈՒ-30-ները երկում են՝ առանց զինամթերքի:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Մովսես Հակոբյանի հայտարարությունները, նշելով, որ դրանք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում։
Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: