05/05/2021 17:09
Ստորացվելու խնդիր չկա, Ադրբեջանի դիրքերին պետք չի մոտենալ. Վաղարշակ Հարությունյանը՝ Արավուսի միջադեպի մասին (Տեսանյութ)
Մեր հովիվը մոտեցել է դիրքերին և քաշքշուկ է եղել, հետո դա հարթվել է, մանրամասնելով Արավուսի միջադեպը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը:
Նա արձանագրեց, որ Խորհրդային Միության և ճանաչված անկախ Հայաստանի բոլոր սահմաններն ամբողջովին պահպանվում են:
«Կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են, տեղեր էլ կան, որ հակառակն է: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չի դնել այնպիսի տեղ, որ ապահովվի անվտանգությունը և վերահսկողությունը: Սահմանային այդ փոփոխությունները շատ փոքր մակերեսով են: Այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ», - ասաց Հարությունյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվում, որ վերոնշյալ դեպքերը բացառվեն և մեր քաղաքացիներն ադրբեջանցի զինվորների կողմից չստորացվեն:
«Ստորացվելու խնդիր չկա, այն առումով, որ դա սահման է: Միջադեպերը լինում են Երևանում, Իջևանում, Նոյեմբերյանում: Իհարկե, որպեսզի դա բացառվի, համապատասխան մարմինները պետք է քաղաքացիներին իրազեկեն, որ այդ դիրքերին պետք չի մոտենալ: Նույն միջադեպերը լինում են նաև իրենց հետ: Սա շփման գծի բնական կյանքն է», - ասաց Հարությունյանը:
Նա կարևորեց վիրավորների ու զոհերի հանգեցնող միջադեպերի բացակայությունը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ դա լուրջ խնդիր է, որը, կարելի է ասել, այս պահին լուծված է: