06/05/2021 11:26
Բուհերի վերաբերյալ կառավարության որոշումն Արման Թաթոյանը կվիճարկի Սահմանադրական դատարանում
Դեռ դեկտեմբերին խիստ մտահոգություն էի հայտնել բարձրագույն ու հետբուհական կրթության մասին օրենքի մասին, որ ոչ միայն հաշվի չէին առնվել մասնագիտական շրջանակների կարծիքները, այլ նաև՝ մարդու իրավունքների պաշտպանինը, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, թե այնտեղ հակասահմանադրական դրույթներ կային։
«Նախագահը դիմել է Սահմանադրական դատարան, նաև ես պետք է կարծիք ներկայացնեմ ՍԴ՝ ամրապնդելով այն մոտեցումը, որ այդ օրենքն ունի բացահայտ հակասահմանադրական դրույթներ», - ասաց Թաթոյանը։
Նշենք, որ կառավարությունը որոշում է ընդունել, որով հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։
«Պատահաբար, մամուլից ենք իմացել, որ ոչ թե չզեկուցվող հարցով, այլ գրավոր ընթացակարգով, բոլորովին այլ նիստի շրջանակում ընդունվել է այս հարցը։ Ի տարբերություն օրենքի, կառավարության այս որոշումն ավելի է վատթարացնում վիճակը։ Կարծում եմ, որ ԿԳՄՍ նախարարության այս նախաձեռնությունը անարգանք է երկու սահմանադրական ինստիտուտի՝ նախագահի և ՍԴ-ի հանդեպ։ Կառավարությունն առաջացրել է խնդիր և հիմա խնդիրը լուծում է բուհերի ինքնավարության հաշվին, դա անթույլատրելի է։ Չի կարող պետությունն իր պոզիտիվ պարտավորությունը չկատարելու հաշվին լուծել բուհի ինքվարության հաշվին», - ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ կառավարության որոշումը վիճարկելու է Սահմանադրական դատարանում.
«Հավանաբար, այսօր կամ վաղը դիմում կներկայացվի ՍԴ։ Մտահոգիչ է, որ դարձյալ հաշվի չի առնվել բուհերի և մասնագիտական շրջանակների կարծիքը»։