06/05/2021 12:50
Արցախյան խնդրի կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը. Արա Այվազյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց, բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս, Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
«Նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը։ Կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի գործունեության առավել ամրապնդման և ակտիվացման մեջ», - հայտարարեց Այվազյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը կիսում է ՄԽ համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվել է ապրիլի 13-ի հայտարարությամբ։