06/05/2021 12:02
Կարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ Լավրովին
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ քննարկումներ կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ:
«Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը», - ասել է Այվազյանը:
Նրա խոսքով՝ ոչ պակաս հրատապ է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը:
«Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը: Համոզված եմ, որ այսօր մենք կարծիքներ կփոխանակենք հետագա անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ հունվարի 11-ի հայտարարության դրույթների կատարման մասով կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ: Կանդրադառնանք տարածաշրջանային մակարդակով իրավիճակի զարգացման վերջին միտումներին, ներառյալ` շահերն առաջ մղելու և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու խնդրի համատեքստում», - ասել է Այվազյանը: