06/05/2021 13:30
ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել. հայտարարել են, որ Արցախի համար են հանդիպել, պարզվում է՝ հանդիպել են ցուցակ ճշգրտելու համար. ԱԽ քարտուղար
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համաձայն է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ով հայտարարել է, որ կապիտուլյանտը, հողատուն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են:
«Միանշանակ, Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, իմ ղեկավարն է ու ես առաջնորդվում եմ նրա հայտարարություններով», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղարը:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, ով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկել էր համախմբել ընտրություններին, Գրիգորյանը նշեց. «Հետաքրքիր է, որ պատերազմի ընթացքում է նման հանդիպման ֆորմատ եղել ու իրենք ցանկանում էին համատեղ ինչ-որ նախաձեռնություն անեին, եթե հիշում եք, այդ ժամանակ ու հետո մեղադրեցին վարչապետին, որ չստացվեց իրենց համագործակցությունը ու համագործակցության չստացվելու, այսպես ասած, մեղավորը վարչապետն է, այս փորձը այդ առումով շատ հետաքրքիր է: Կարծում եմ՝ խնդիրը որևէ անձ չի, այլ՝ հենց իրենք են ու իրենց անհաջողությունները: Ես կարծում եմ՝ մոտակա ընտրություններում ժողովուրդն է հենց գնահատական տալու իրենց», - ասաց նա՝ ընդգծելով՝ չնայած, դեռ 2018-ին է ժողովուրդը նրանց գնահատական տվել:
Արմեն Գրիգորյանն ասաց, թե, փաստորեն, ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել:
«Հիշում եք՝ երբ որ հանդիպել են, հայտարարել են, որ Արցախի համար են հանդիպել, բայց վերջում պարզվում է՝ հանդիպել են ցուցակ ճշգրտելու համար», - ասաց նա: