06/05/2021 17:18
«ԿինԿոդ». նոր կատակերգական ներկայացում, որը տղամարդկանց կօգնի գտնել կանանց սրտի «բանալին» (Լուսանկարներ)
Այսօր բեմ կբարձրանա բեմադրիչ Սեդրակ Գոջամանյանի և սցենարիստ Արմեն Վարդանյանի հերթական կատակերգությունը, որի առանցքում կրկին կանայք են: «ԿինԿոդ»-ը ռեժիսորի և սցենարիստի՝ արդեն 5-րդ համատեղ նախագիծն է: Թեման այս անգամ սցենարիստն է առաջարկել:
«ԿինԿոդ»՝ պատմություն այն մասին, թե ինչպե՞ս պետք է գտնել կանանց սրտի կոդն ու բացել այն:
«Պինկոդը վերածել ենք կինկոդի», - ժպիտով նշում է Սեդրակ Գոջամանյանն ու տղամարդկանց հուշում՝ այս ներկայացումն իրենց համար ավելի հետաքրքիր պետք է լինի:
«Սիրային կատակերգություն է, որը պատմում է 6 դասընկերուհիների մասին: Նրանք գնում են նշելու աղջիկներից մեկի նշանադրությունը: Կանացի խոսակցություններ են ծավալվում, որի ընթացքում յուրաքանչյուրը պատմում է իր սիրային արկածների, հույզերի, ուրախությունների մասին: Պարզվում է, որ իրենց պատմություններից շատերը զուգադիպում են», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց բեմադրիչը՝ շեշտելով, որ այսկերպ փորձել են գոնե բեմը հեռու պահել քաղաքականությունից ու մարդկանց մեկ ու կես ժամ լիաթոք ծիծաղ պարգևել:
Դասընկերուհիների դերում հանդես են գալիս Զառա Սահակյանը, Քեթրին Մանասյանը, Սոնա Մաթևոսյանը, Անի Խաչիկյանը, Ռոզի Ավետիսովան և Ռիփի Նավասարդյանը: Դերասանուհիների հետ կողք-կողքի պատմության կիզակետում է հայտնվում նաև ներկայացման միակ տղամարդ դերակատարը՝ Ստեփան Ղամբարյանը:
Ներկայացումը տեղի է ունենալու Բոհեմ թատրոնի բեմում: Զգեստների ձևավորումը կատարել է Արայիկ Գաբաջյանը, բեմանկարիչ՝ Սերինե Բանդարի, երաժշտական ձևավորումը վստահվել է Վահիկ Գրիգորյանին, ներկայացման պաստառի դիզայնը՝ Արվին Քոչարյանին: