06/05/2021 13:17
Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել. Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:
«Օնիկ Գասպարյանը նշում էր, որ «շտաբի պետ նշանակվելուց հետո ես Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ զեկույց տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ու առաջարկել եմ դիվանագիտական քաղաքական քայլեր ձեռնարկել», հունիսի 19-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը զեկույց չի ունեցել», - կառավարությունում լրագրողների հետ զրույում ասաց Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, թե Օնիկ Գասպարյանը տարածաշրջանի վերաբերյալ առաջին զեկույցը ունեցել է օգոստոսի 21-ի ԱԽ նիստում:
«Իր մոտ 10 էջանոց զեկույցում դիվանագիտութուն բառ չկա», - նշեց ԱԽ քարտուղարը:
Արմեն Գրիգորյանն ասաց, թե Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել ու որևիցե անգամ պարզաբանումներ չի տվել:
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Օնիկ Գասպարյանն իր զեկույցում նշել է, որ Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ենք ունեցել ու թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել:
«Եթե ասել է որևէ առաջընթաց, ԱԽ անդամները կարող են հասկանալ, որ դիրք չենք զիջել ու այս կոնտեքստում ու դրանից առաջ, երբ որ օգոստոսին ասվել է, որ թշնամուն ջախջախելու ենք, ապա տրամաբանությունը հուշում է, որ զեկույցը ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է, այդ իսկ պատճառով մենք համոզված ենք, որ ամբողջովին պարզաբանված է այս թեման», - ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, թե Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին լրիվ այլ բան է զեկուցել:
«Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել», - ասաց Արմեն Գրիգորյանը:
Անվտանգության խորհուրդը հրապարակել էր սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:
Ավելի վաղ ԱԽ-ն հրապարակել էր նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր։
Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, թե ԱԽ նիստերի արձանագրություններն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը։ Նա առաջարկել է նախաձեռնել պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում: