06/05/2021 13:42
Պարտվել ենք, որովհետև անցած 10-20 տարիներին աշխատանք չի տարվել. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանը շարունակաբար ռազմական բյուջե էր ավելացնում, Հայաստանը այդ ուղղությամբ գրեթե ոչ մի քայլ չէր անում, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք շուտով կհրապարակենք, թե 2018-2020 թթ., ի համեմատություն 2016-2018 թթ., մեր իշխանությունը ինչեր է արել, գրեթե բոլոր ուղղություններով մենք սպառազինություն ենք ավելացրել: Պարտվել ենք, որովհետև անցած մյուս 10-20 տարիներին նույն կերպով աշխատանք չի տարվել», - ասաց նա:
Գրիգորյանը նշեց, որ եթե Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ձեռք է բերվել ցանկացած տեսակի զենքից 50 միավոր, իրենք 300-ից բարձր թվով են ձեռք բերել:
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԹՍ-ների մեծ խմբաքանակ գնելու ծրագրին, ինչն այս իշխանությունները չեղարկել են, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանը սուտ է ասում, եթե 2016-2018 թվականին Սերժ Սարգսյանը ձեռք է բերել պայմանական «իքս» քանակի ԱԹՍ, մենք 2018-2020 թվականին «իքս» անգամ 7 ենք ձեռք բերել»:
Նա նշեց՝ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ պլանավորված է եղել ձեռք բերել հազար ԱԹՍ, իրենք թիվը բարձրացրել են հազար ութ հարյուրի: