06/05/2021 11:41
«Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս». Փաշինյանը վստահ է՝ բավականին լավ են կառավարել համավարակը
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց փոփոխություններ կատարել կարանտինի մասին որոշման մեջ:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ սահմանափակումների շրջանակը կվերանայվի:
«Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի կարիք չեն ունենա», - ասաց նա:
Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանը փորձում է ժամանակից հետ չմնալ ու քաղաքացիներին փորձում են զերծ պահել կատարվող ավելորդ հետազոտություններից ու ֆինանսական միջոցներ ծախսելուց:
Նա ասաց, որ մինչև մեկ տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանել են:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, թե շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն:
Փաշինյանի խոսքով՝ կարող են արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս:
«Մենք բավականին լավ ենք կառավարել ու կառավարում կորոնավիրուսի համավարակը», - ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ, մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծվում կորոնավիրուսի պայքարի դեմ իրենց քայլերի շուրջ:
«Բոլոր այդ մարդկանց՝ տեղեկատվությունը բաց է, խորհուրդ եմ տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները: Մենք ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք ընդհուպ օրը 2000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից», - ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է յոթ հազար հարյուր քաղաքացի:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ուրախ է, որ կառավարության անդամների մեծ մասը պատվաստվել է, պատվաստվել են ձեռքի տակ եղած բոլոր պատվաստանյութերով: