07/05/2021 19:12
Զաքարի փռի գործերը կիսատ մնացին, Հայկազի՝ ճամփորդությունները, Վահագն էլ չհասցրեց քավոր դառնալ. նրանք ընկան պատերազմում (Տեսանյութ)
Տղերքի գործերը կիսատ մնացին, տղերքի սերերն էլ վերջ կամ գուցեև սկիզբ էլ չունեցան, բայց հայրենիքի հանդեպ պարտքը մինչև վերջ տվեցին: Տղերքն ընկան պատերազմում: Եռաբլուրը մեծացավ, մայրերը «փոքրացան», դարձան «մի բուռ»: Փոխարենը նրանց «մի բուռ» ուժը եռապատկվեց, քառապատկվեց...
Նրանցից ո՞ւմ մտքով կանցներ, որ դեռ «երեկվա» օրում մնածաց զավակի Վերջին զանգի բարձր տրամադրությունից հետո նրա դպրոց է մտնելու՝ որպես սևազգեստ սգավոր, որդու զրգուն ծիծաղի փոխարեն նրա քար լռությունն է «լսելու», իսկ անունը հուշատախտակին է կարդալու: Չպատկերացրեցին, բայց իրականության մեջ զգացին:
Երևանի թիվ 182 ավագ դպրոցում օդը կանգ էր առել, խոսքերի փոխարեն ծանր հոգոցն ու կոկորդում խեղդված հեկեկոցն էր. ծնողները ներկա էին պատերազմում զոհված իրենց զավակների հիշատակին նվիրված հուշատախտակի և Փառքի սենյակի բացմանը:
Դպրոցը պատերազմում 6 զոհ է տվել, շրջանավարտներից մեկը մինչ օրս անհետ կորած է, Դավիթին էլ հաջողվել էր դուս գալ շրջափակումից:
Հենց նա էլ կտրեց ընկերներին նվիրված դասարանի կարմիր ժապավենը: