07/05/2021 12:27
Քաղաքական պոպուլիզմը ռեալ վտանգ է, այն ավերիչ կարող է լինել ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի համար. ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Եպսիկոպոսյան (Տեսանյութ)
Երկրում ստեղծված իրավիճակից ելքը մեկն է. հզոր համախմբամբ, ուժերի գերագույն մոբիլիզացիայի հաշվին մեզ հաջողվելու է երկիրը փրկել փլուզումից, «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մամուլի ասուլիսին հայտարարեց խորհրդի նախագահ, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպսիկոպոսյանը։
«Մոլագար պոպուլիստներին չպետք է թույլ տանք ուտել մարդկանց միտքն ու ուղեղները, շարունակել հասարակությանը բաժանել նախկինների և նորերի, սևերի և սպիտակների, գայլերի և գելխեղդների, ժողովրդին նույնականացնել կենդանական աշխարհի հետ։ Եթե բանը հասել է նման կարգի բաժանման, այս դեպքում, թույլ տվեք նկատել, որ գայլն անհամեմատ շատ ավելի ազնվացեղ է, քան նրա կոկորդը կտրելու պատրաստ շունը։ Բացի այդ, չեմ կարծում, որ գայլը շանը թույլ կտա իր կոկորդը կրծել։ Մեր բարի խորհուրդն է՝ չշարունակել խաղալ երկրի անվտանգության հետ», - ասաց Եպիսկոպոսյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական պոպուլիզմն առավել քան ռեալ վտանգ է ու այն ավերիչ կարող է լինել ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի համար։
«Մեր կարողության սահմաններում հնարավորինս ֆիքսելու ենք ընտրակաշառք բաժանելու, վարչական ռեսուրս կիրառելու դեպքում, ու ընդհանրապես, ապօրինի բոլոր երևույթները», - հայտարարեց Եպիսկոպոսյանը։
Նա ասաց, թե հետևելու են, որ նախընտրական քարոզարշավն ընթանա ազնիվ և թափանցիկ։