07/05/2021 17:03
Լոնդոնի մզկիթի այցելուների վրա ձվեր և քարեր են նետել
Լոնդոնի Իլֆորդ թաղամասում անհայտ անձինք ձվեր և քարեր են նետել տեղի իսլամական կենտրոնի մզկիթի հավատացյալների վրա, հայտնում է բրիտանական SkyNews հեռուստաալիքը:
Իսլամական կենտրոնի աշխատակիցների խոսքով՝ չարագործները հարձակվել են հավատացյալ համայնքի վրա՝ մզկիթից ելքի մոտ: Նրանք մեքենայով են եղել: Հարձակման մասնակիցների շարքում կենտրոնի աշխատակիցները նկատել են սափրագլուխ մի տղամարդու: Նրա հետ ևս 3 մարդ է եղել:
«Ես հանկարծակիի եմ եկել, քանի որ արդեն 20 գիշեր շատ խաղաղ էր», - ասել է Իլֆորդի Իսլամական կենտրոնի ղեկավար Ահմեդ Նահվազը:
Նրա խոսքով՝ Լոնդոնի ոստիկանությունը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել միջադեպի վերաբերյալ՝ այն անվանելով ռասայական ատելության ու իսլամաֆոբիայի հողի վրա հարձակում: