08/05/2021 10:08
«Հրապարակ». Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը, որ մեկնի Վաշինգտոն
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանն արդեն մի քանի շաբաթ է՝ ստացվել է, այսինքն՝ ամերիկյան կառավարությունը համաձայնել է նրան ընդունել։ Նա էլ է սպասում ԱԺ արձակմանը, որպեսզի մեկնի Վաշինգտոն։ Քանի որ Մակունցի դեսանտային առաջադրումն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում վրդովմունք էր առաջացրել ԱԳՆ հնակյացների շարքերում, իշխանությունը որոշել է «զինադադար» հաստատել արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և դեսպանության հավակնորդների հետ, և այդ հողի վրա Ռուբեն Խարազյանը (ով գրեթե 30 տարի աշխատում է ԱԳՆ-ում) նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան։
Առաջիկայում նրա նման ևս մի քանի պրոֆեսիոնալներ կնշանակվեն։ Իշխանությունը նաև խոստացել է այլևս կոպտորեն չմիջամտել այս կայացած ինստիտուտի ներքին գործերին։
Հիշեցնենք, որ հեղափոխականների բուռն միջամտությունը ԱԳՆ ներքին կյանքին սկսվեց 2018թ.-ին՝ կուսակցական «դիվանագետ» Ռուբեն Ռուբինյանին փոխարտգործնախարար նշանակելով»։