08/05/2021 18:32
Շուշիի ընդհատված շնչառությունը. հաղթանակած անցյալ ու անորոշ ապագա
Ես չգիտեմ՝ ի՞նչ կլիներ, եթե չլիներ հեղափոխությունը, ինչքանո՞վ իմ ու երկրիս ճակատագիրը կփոխվեր դեպի լավը կամ վատը, բայց այն, որ հեղափոխությունից 2 տարի անց սեպտեմբերի 27-ով կյանքը սահմանազատվեց «մինչ» և «հետո»-ի, ջնջեց 30-ամյա անցյալն ու անորոշ դարձրեց ապագան՝ հստակ է։
Հայրենիք ու ընտանիք փոքրացան, սակավամարդ դարձան, դրա փոխարեն եռաբլուրներն ընդարձակվեցին ու երիտասարդացան: Ու սրանում ո՞վ է մեղավոր՝ «նախկին թալանչի՞ն», թե՞ «ներկա կապիտուլյանտը»՝ չգիտենք, ու գուցեև տասնամյակներով չիմանանք: Կա միայն փաստ՝ ունեինք ու չկա...
Ունեմ ընկերուհիներ, ովքեր 16, 17 տարեկանում են ամուսնացել ու հիմա զինվորի տարիքի առաջնեկներ ունեն: Ու միայն այն մտքից, որ ես կարող էի «մի ոտը շուտ» ամուսնանալ ու «մի ոտը շուտ» մայրանալ, հավանականորեն դառնալով Եռաբլուրի ամենօրյա այցելու, խելագարվում եմ: Խալագարեցնող է, որ մի քանի հազար 18 տարեկան էլ չկա, խելագարեցնող է, որ Արցախի մի քանի հազար կիլոմետրն էլ մերը չէ, խելագարեցնող է, որ «սպիտակ հարսն» արդեն սևազգեստ է...
Իմ ու ինձանից փոքր սերունդը շուրջ 30 տարի մայիս 9-յան եռատոնում հպարտությամբ առանձնացրել է Շուշիի ազատագրումը, վերածնված բերդաքաղաքի տարեդարձը հաշվել ենք զրոյից... Ու հիմա սարսափելիներից է նաև այն, որ Շուշիի ազատագրման ծնունդը կանգ առավ 28-ի վրա ու այլևս չի շարունակվելու... Այսուհետ Շուշիի ազատագրման օրը ոչ թե նշելու ենք այդ ազատագրման տարիքը, այլ շեշտելու ենք՝ Շուշիի՝ 1992 թվականի ազատագրման օրն է... Մինչև նորից կսկսենք զրոյից...
Ու կսկսենք, քանի որ Արցախը պիտի ապրի ամբողջականացած՝ իր բոլոր համայնք-զավակներով, կիսված ու անդամահատված պիտի չմնա...
Այլ հարց է, թե երբ ու որ սերնդին կհաջողվի սկսել հաշվարկել հաղթանակների տարիքը...