09/05/2021 14:32
Մեր հայրենիքը վերքերի մեջ է, բայց թե Շուշին, թե Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Մեր հայրենիքը վերքերի մեջ է, Հաղթանակի զբոսայում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Մենք մեզ չենք կարող խաբել ու նշել այս եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Մեր ժողովուրդը շատ տխուր է, ունենք կորսված Արցախի մեծ հատված, ունենք հազարավոր զոհեր», - ասաց նա։
Վանեցյանի խոսքով՝ այս իշխանությունների ապաշնորհ գործողությունների հետևանքով մեր երկիրն ու ժողովուրդը չեն կարողանում ուղիղ մեջքով քայլել։
«Բայց ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք նոր հաղթնակներ, ես համոզված եմ, որ մեր ժողովուրդն ուղղելու է իր մեջքը», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Նա համոզված է՝ թե Շուշին, թե Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա, իսկ այս հնարավորությունները ճիշտ աշխատանքի մեջ են։
«Բայց այս իշխանությունները ի վիճակի չեն տանել այդ բանակցությունները, նրանք պետք է հեռանան, որ գան արհեստավարժ ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել Հայստանի ու Արցախի պետական շահերը», - ասաց Վանեցյանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահն ընդգծեց՝ պետք է հույս ունենալ, որ մյուս տարի այս օրը կնշվի այլ իրավիճակում, այլ հոգեվիճակում ու այլ ձեռքբերումներով։
«Ամենակարևորը, պետք է ազգի մեջ չլինեն բաժանումներ, բաժանումները բերեցին այս ամենին, պետք է լինենք միասնական, ամուր ու հանդուրժող, պետք է իրար հետ գնանք առաջ», - ասաց Արթուր Վանեցյանը։