09/05/2021 16:43
Դատարկ խոստումներ չենք տալու, վերացնելու ենք բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, ասֆալտին փռելու տեսարանները. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
Ինչ ենք մենք մտադիր անել՝ գալով իշխանության. առաջին հերթին պետք է գնահատվի երկրին հասցրած վնասի ծավալը բոլոր ոլորտներով, Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» քաղաքական համագործակցությանը նվիրված միջոցառմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա ներկայացրեց անելիքները.
«Անմիջապես պետք է անցնենք հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության և պետական կառավարման հետագա դեգրադացիան։ Պետք է կանգնեցնենք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկը և կանխատեսելիությունը, մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբավը։ Սկզբունքորեն կարևոր է, որ ժողովուրդն անմիջապես զգա փոփոխությունները երկրում, և ժողովուրդը դա զգալու է։ Դատարկ խոստումներ չենք տալու, մեր հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը և սերը երկրի նկատմամբ»:
Նա ասաց, թե առաջարկելու են աշխատող երկրի կոնցեպտ, նորից երկիրը վերածելու են շինհրապարակի.
«Առաջնային խնդիր է դառնալու տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծումն ամեն տարի։ Մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ ի վիճակի ենք այդ ամենը կրկնել։
Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, այդ տհաճ ասֆալտին փռելու տեսարանները, ամեն ինչ արվելու է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Ունենալու ենք գիտահեն տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն»։
Երկրորդ նախագահի խոսքով՝ գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը։
«Պետական ապարատի մաքրության և արդյունավետության համար պայքարը դառնալու է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը, ոչ թե այն լոզունգները, որ այսօր են հնչեցնում, այլ կոնկրետ աշխատանք։ Սուտը բացառվելու է պետական համակարգում։ Մենք դարձել ենք ստի աշխարհ, և պետք է սկսենք ամեն ինչ այդ սուտը վերացնելուց», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ եզրափակելով խոսքը.
«Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել»։