10/05/2021 18:51
«Սիրեցի, յարս տարան». Արման Նշանյանը նոր տեսահոլովակ է պատրաստել. երգի հիմքում իրական պատմություն է (Տեսանյութ)
Դերասան, ռեժիսոր, երգիչ Արման Նշանյանը, ով տևական ժամանակ երաժշտական նորություններով հանդես չէր գալիս, նոր տեսահոլովակ է պատրաստել: Երգիչը ներկայացել է Ավետիք Իսահակյանի խոսքերով և Նիկ Եգիբյանի երաժշտությամբ «Սիրեցի, յարս տարան» ստեղծագործությամբ:
«Վերջին տարիներին շատ զբաղված էի ֆիլմերով, նկարահանումներով: Բայց այնպես ստացվեց, որ իմ լավ ընկերներից մեկը, ով օպերատոր է և բնակվում է ԱՄՆ-ում, եկել էր Հայաստան, ես էլ իրեն ներկայացրի այս երգը, ու որոշեցինք նկարահանել տեսահոլովակ: Իրականում, երգը վաղուց ձայնագրել և պատրաստել էի Նիկ Էգիբյանի հետ», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արման Նշանյանը:
Արտիստը խոստովանում է՝ Ավետիք Իսահակյանի խոսքերի հիման վրա գրված «Սիրեցի, յարս տարան»-ը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սրտում, ինչի համար էլ տեսահոլովակի ռեժիսորի գործառույթները ևս իր վրա է վերցրել:
«Տատիկս ինձ պատմում էր, որ այս երգի հիմքում իրական պատմություն է: Կարծում եմ, որ այն արժանի է տեսահոլովակ ունենալ, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ վերհիշեն այն», -նկատում է երգիչը:
«Երաժշտությունն ինձ համար վաղուց դարձել է հոբբի», - ընդգծում է երիտասարդ արվեստագետն ու տեղեկացնում՝ որոշել է այսուհետ առավել հաճախ մեր հին ու լավ երգերը ներկայացնել, բայց այսօրվա շնչով, որպեսզի երիտասարդներն էլ իմանան այդ երգերի մասին:
«Նախկինում էլ էի այդպես անում, բայց այս անգամ ընդմիջումը երկար տևեց: Բավական ժամանակ էր, որ այս տեսահոլովակի վրա էի մտմտում: Դիտումներն ինձ չեն հետաքրքրում, սակայն հույս ունեմ, որ իմ մատուցմամբ այս երգը կգտնի իր հանդիսատեսին», - ժպիտով նշում է նա:
Նկատառմանը՝ որպես կանոն հին երգերը կոմերցիոն նպատակով են թարմացվում, պատասխանեց.
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչն է նորաձև, կամ ինչը կարող է գրավել լսարանին: Ընդհանրապես, արվեստի գործիչները պետք է թելադրեն, թե ինչն է ճիշտ: Ցավոք, մեր ոլորտում այդպես չէ, ինչի արդյունքում էլ ժողովրդի ճաշակը գնալով ավելի վատն է դարձել: Նույնն է նաև ֆիլմերի դեպքում. երբեմն չեմ հասկանում՝ վատ որակի աշխատանք են պատրաստում ու գցում ժողովրդի վրա՞, թե՞ իրականում ավելի որակյալ աշխատանք չեն կարող պատրաստել: Սա ազնիվ չէ ժողովրդի հանդեպ, չի կարելի խաբել հանրությանը»:
Կրկին անդրադառնալով իր կատարած վերջին աշխատանքին՝ մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ այն հաջողություն կունենա:
«Կկրկնվեմ ու կասեմ, որ այս երգն իսկապես իմ սիրելիներից մեկն է: Որոշեցինք ներկայացնել պարզ տեսահոլովակ, որովհետև նորաձև տեսահոլովակները, որոնցից ես էլ եմ ժամանակին ունեցել, իմ կարծիքով՝ այլևս ակտուալ չեն: Տեսահոլովակում կա նաև ցավի հատված, սա այն մասին է, որ ցանկացած մարդ ունի ցավ, որը ցույց չի տալիս, խեղդում է իր մեջ: Այնպես որ, այս տեսահոլովակում յուրաքանչյուրը կգտնի իրեն», - եզրափակեց Արման Նշանյանը: