10/05/2021 13:05
Վանեցյանի գլխավորությամբ «Պատիվ ունեմ» դաշինքը իշխանության է գալիս կառուցելու մեր երազանքի Հայաստանը
«Նրանք (փաշինյանական վարչախմբի անդամները) պետք է հեռանան, իշխանության գան ազգային, ունակ, արհեստավարժ ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել ՀՀ-ի ու Արցախի ազգային ու պետական շահերը», - մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել առայժմ ոչ պաշտոնապես ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար, ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը
Թեև համառոտ բնույթին, հայտարարությունը բազմաշերտ է։ Դրանում մեկ անգամ ևս փաստվում է, որ փաշինյանական վարչախմբի ապաշնորհ և դիլետանտական կառավարման հետևանքով ՀՀ-ն և Արցախը չեն կարողացել առաջ մղել իրենց ազգային շահերը․ կորսվել են տարածքներ, զոհվել են հազարավոր զինվորներ, «տնտեսական հրաշք» տեղի չի ունեցել, քանի որ «Իմ քայլը» և դրա պարագլուխն ունակ չեն կյանքի կոչել կառուցողական որևէ օրակարգ՝ իրենց հիմնական «գործիքակազմում» ունենալով միայն սուտն ու համակարգեր կազմաքանդելը:
Ներքաղաքական խնդիրներով զբաղվող փորձագիտական շրջանակների կարծիքով՝ Վանեցյանի գլխավորությամբ «Պատիվ ունեմ» դաշինքն ունի բոլոր հնարավորություններն, իշխանության գալով, վերջ դնելու աղետաբեր և անպատասխանատու փաշինյանական «թավիշին»: Այս առումով երկիրը ծանր վիճակից հանելու համար ԱԱԾ-ում պրոֆեսիոնալ լիարժեք կարերիա անցած՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավարի համար, դատելով ամեն ինչից, ուղենիշային է լինելու ՀՀ պետական պաշտոններին բացառապես պրոֆեսիոնալ՝ անբասիր կենսագրություն ունեցող և ճանապարհ անցած գործիչներին պատասխանատվություն վստահելը: Հետևաբար, բախտի քմահաճույքով ԱԺ-ում կամ գործադիրում հայտնված անձինք լավագույն դեպքում պետք է վերադառնան իրենց առաջնային հանգրվանը, այն է՝ փողոցն ու փաբերը։ Անկախ կուսակցական և թիմային պատկանելությունից հանցագործություն թույլ տված բոլոր անձանց դուռը պետք է բախեն օրենքն ու արդարադատությունը:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Վանեցյանի հայտարաության մեջ հստակորեն արձանագրվում է, որ ՀՀ-Արցախ տանդեմի օրակարգն առաջ մղելու նպատակով իմքայլականների վարչախումբը պետք է հեռացվի, քանի որ այն հարվածում է հայկական պետականություններին և դրանց ազգային շահերին: Մինչդեռ, դատելով նաև Վանեցյանի մասնագիտական կենսագրությունից, «Պատիվ ունեմ»-ի համար առաջնահերթություններ են լինելու պետականության խնդիրները և ընդհանրապես անվտանգության մակարդակի բարձրացումը, քանի որ դաշինքի ղեկավարն անցել է ԱԱԾ կրտսեր սպայից մինչև գեներալ ընկած ուղին։
Վանեցյանի գլխավորությամբ «Պատիվ ունեմ» դաշինքը նաև առաջարկում է ազգային, պետականամետ և ունակ ուժերի լայն համախմբում՝ ոչ միայն դավաճանական վարչախումբը հեռացնելու, այլ նախևառաջ նոր որակի ազգային իշխանություն ձևավորելու համար: Սակայն այդ համախմբումը զուտ քանակական առուոմվ չի դիտարկվում՝ տասնյակ կուսակցությունների միավորման տեսքով, այլ գաղափարական ընդհանուր հենքով, պետականության ամրապնդման հստակ տեսլական ունեցող լուրջ քաղաքական ուժերի միավորմամբ, որն իր ուժն ու համառությունը ապացուցելու է ոչ թե կարգախոսներով և աղմուկով, այլ բացառապես գործերով ու արդյունքներով:
Ամփոփելով, Վանեցյանի գլխավորությամբ «Պատիվ ունեմ» դաշինքն իշխանության է գալիս ոչ թե խոստանալու հեղհեղուկ և վերացական ապագա, այլ կառուցելու մեր երազանքի՝ հենց ապագայի անվտանգ և զարգացող Հայաստանը։