10/05/2021 15:31
Դատավոր Արմեն Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդարձվի Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Համացանցում տարածվել է ձայնագրություն, ըստ որի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռախոսազրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն, իբր, իրեն ցուցումներ տալիս՝ քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագի» գործով վերջինիս ազատ արձակել։
Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին դռնփակ նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը. նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Ռուբեն Վարդազարյանը բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով քրեական գործ հարուցելու և իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշումները։