11/05/2021 17:45
Պոետների գործերի հիման վրա երգեր, «Ռեքվիեմ» ու պրեմիրա. Project LA-ի համերգը՝ Գյումրիում (Լուսանկարներ, տեսանյութ)
«Բարև, ի՞նչղ եք». Գյումրիում գյումրեցիները կհյուրընկալեն Project LA խմբին: Խումբը մեծաթիվ երկրպագուներ ունի հենց Գյումրում: Եվ ահա հունիսի 5-ին քաղաքի դրամատիկական թատրոնում ներկայացման փոխարեն նրանց համերգն են ունկնդրելու: Առաջին անգամ Project LA-ը դուրս է գալիս Երևանի սահմաններից:
Խմբի ամեն համերգի համար անհատական երգացանկ է կազմվում՝ հաշվի առնելով վայրը, հանդիսատեսի հետաքրքրությունները: Թե ի՞նչ է սպասվում կոլորիտային Գյումրիում՝ երկրպագուներն անհամբերությամբ են սպասում:
Բայց խմբի պրոդյուսեր Սուրեն Սահակյանը շատ սպասեցնել չտալով՝ Tert.am-ի հետ զրուցում որոշ մանրամասներ ներկայացրեց.
«Այս դեպքում ավելի շատ կհնչեն հայ պոետների գործերի հիման վրա գրված երգերը, անգլերեն երգերը կլինեն ավելի քիչ։ Անպայման կհնչի «Ռեքվիեմ»-ը, որը շատ արդիական է»:
Գյումրեցիները նաև պրեմիերա են լսելու:
Հայաստանում կարծրատիպ կա, որ 6/8 երգելու, հեշտամարս երաժշտություն ներկայացնելու դեպքում միայն արտիստը կամ խումբը կունենա լսարան, որակյալ երաժշտությունը մնում է ստվերում։ Project LA-ը կոտրեց այս կարծրատիպը։ Ըստ Սուրենի՝ սա արդյունք էր այն փաստի, որ իրենք ի սկզբանե կոմերցիոն նպատակ չեն հետապնդել։
Պրոդյուսերը նաև ընդգծել է, որ Project LA-ի երգերն ուսումնական հաստատություններում օգտագործելու տենդենց են նկատում․
«Դպրոցներից մեկը զանգի փոխարեն դրել էր «Ով կհանդիպի» երգը։ Մեկ այլ դպրոցից իմացանք, որ Չարենց անցնելիս ուսուցչուհին հանձնարարել էր լսել Project LA-ի երգերը, պարզվել էր, երեխաներն անգիր գիտեն երգերը։ Ցավոք, այսօր շատերը չգիտեն հայկական պոեզիա, դժվար են անգիր սովորում, իսկ երգերի միջոցով դա շատ ավելի հեշտ է։ Մինչև այդ չի եղել նման նախագիծ, մարդիկ գուցե չեն հասկացել, որ դրա անհրաժեշտությունը կա»։
Նախնական տվյալներով, խումբն աշնանը մենահամերգ կունենա. առաջարկները շատ են։