11/05/2021 13:53
Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն պատրաստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ, հաղորդում է РИА Новости-ն:
«Կցանկանայի ասել՝ մենք կարծում ենք, որ սա եզակի իրավիճակ է: Ադրբեջանը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը և վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Իրավիճակը, երբ չկա օկուպացիայի փաստ, եզակի է: Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, պատրաստ է աշխատել այս ուղղությամբ», - Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Ըստ նրա՝ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի վրա:
«Տարածքային ամբողջականության հարգանքի և սահմանների անձեռնմխելիության սկզբունքը երկկողմ հարաբերությունների երաշխիք է: Մենք վստահ ենք, որ դա տեղի կունենա ապագայում», - ասել է Բայրամովը: