11/05/2021 10:45
Լավրով. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում աշխատանքների շրջանակում պատրաստ է օգնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Մոսկվան՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման աշխատանքների շրջանակում, պատրաստ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար պայմաններ ստեղծել, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու կազմակերպություն է, որը ևս շահագրգռված է մասնակցելու այդ ջանքերին: Մենք պատրաստ ենք աջակցել պայմանների ստեղծման հարցում՝ դա հնարավոր դարձնելու համար: Բնականաբար, պետք է հաշվի առնենք պայմանավորվածությունները, շահագրգիռ կողմերի դիրքորոշումը», - նշել է Լավրովը:
«Պատերազմի մարդասիրական հետևանքների լուծման հետ կապված հարցերի թվում դուք հիշատակեցիք ռազմագերիներին, պատմական ժառանգության հետ կապված որևէ չարաշահում թույլ չտալու մասին. մենք ցանկանում ենք օգնել այս ամենը հնարավորինս կառուցողական լուծելու հարցում», - ընդգծել է նա:
Նախարարը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ, որպեսզի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ կյանքի կոչվեն «կառուցողական արդյունքին նպաստող» պայմաններում:
Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանն աջակցում է այն գործարարներին, որոնք պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղում. «Մենք խրախուսում ենք մեր ընկերություններին մասնակցել վերականգնման աշխատանքներին, ձեր կողմից նախանշված ծրագրերին»: