12/05/2021 12:30
Ադրբեջանին առավել քան երբևէ պետք է Հայաստանի այս իշխանությունների վերարտադրությունը. փորձագետ
Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը Հայաստանի վրա և պատահական չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» և նրա նկատմամբ հավակնությունները տարբեր դրսևորումներ են ստանում, այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանում շտապում են, որովհետև Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում, իսկ իրենց նախընտրելի թեկնածուի պարտվելու հավանականությունն աճում է: Խնդիրն այն չէ, թե ինչով է Ադրբեջանն օգնում այս իշխանություններին, հարցը նրանում է, որ Ադրբեջանին առավել քան երբևէ պետք է Հայաստանի այս իշխանությունների վերարտադրությունը, ինչը նրանց համար պետք է ապահովի սեփական ռեգիոնալ հավակնություններն ամբողջությամբ բավարարելու հարցը», - նշել է նա։
Ըստ փորձագետի՝ Հայաստանյան ընդդիմադիր դաշտում դիրքավորված հիմնական դերակատարներին Ադրբեջանում լավ են ճանաչում, հասկանալի է, որ նրանց իշխանության գալը որևէ ձևով չի տեղավորվում թուրք-ադրբեջանական հաշվարկներում։
Աբրահամյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իր առջև նվազագույնն երկու խնդիր է դրել:
«Մինչև հունիսի 20-ը՝ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը առավելագույնը կորզել Հայաստանի հետ տարվող գործընթացից կամ ստեղծել իրավիճակ, երբ բոլոր հաջորդ իշխանությունների համար դժվար կլինի վերադառնալ բարենպաստ բանակցային դիրքեր:
Երկրորդ, իր հնարավորությունների շրջանակներում՝ ուղղակի կամ անուղղակի ձևով, հասնել Հայաստանի գործող իշխանության դիրքերի ամրապնդմանը:
Ցավալիորեն Հայաստանի ու Արցախի շահն առաջ մղելու տեսանկյունից, Հայաստանը երկրորդային դիրքերում է, իսկ երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափում, խաղի թելադրողն ու հիմնական նախաձեռնողականության ապահովողը շարունակում է մնալ Ադրբեջանը, ինչը մեզ համար նորանոր խնդիրներ է խոստանում», - նշել է Աբրահամյանը։