12/05/2021 13:56
Ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը. ռուսները բանակցում են. Սյունիքի նախկին մարզպետ
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ ադրբեջանցիները ամբողջությամբ վերցրել են Սև լիճը։
«Գիշերը բարձրացել են Իշխանասարի ուղղությամբ, լճերը քանի որ նոր քարտեզագրմամբ իրենցն են 30 տոկոսով, հիմա իրենք ամբողջ լիճն են վերցրել, լուրջ վտանգել են Գորիս համայնքը. քաղաքը և՛ ոռոգման, և՛ խմելու ջրի համար այնտեղից էր օգտվում», - ասաց Վահե Հակոբյանը։
Նա նշեց, թե սա լրջագույն խնդիր է դառնալու։
Նախկին մարզպետն ասաց, թե վիրավորների մասին տեղեկություն չունի։
«Ռուսներն արդեն այնտեղ մեր ներկայացուցիչների հետ միասին բանակցում են, փորձում են հետ մղեն (ադրբեջանցիներին - խմբ.), եթե հետ չմղեցին, մենք խնդիր ենք ունենալու, հաստատ», - նշեց Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել. հարյուրներով շարված են:
Գորիսի մյուս քաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ հայտնել էր, թե թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու:
Պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հաստատելով, որ Ադրբեջանը փորձել է աշխատանքներ իրականացնել Սյունիքում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանն Aysor.am-ին հայտնել է, որ գյուղում իրավիճակը հանգիստ է. ոչ կռիվ կա, ոչ՝ կրակոց։