12/05/2021 09:47
«Ժողովուրդ». ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում նախընտրական ցուցակում ներառելու համար
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս ակտիվ պատրաստվում է հունիսի 20-ին սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս օրերին լինելու է Աղվերանի հյուրանոցներից մեկում, որտեղ թեժ քննարկումներ են ընթանում։ Լուսավորականները որոշել են առանձնանալ, որպեսզի կարողանան դետալ առ դետալ քննարկել ընտրություններին մասնակցելու իրենց ձևաչափի, ընտրական ծրագրի, ցուցակի անդամների հետ կապված հարցերը: Բանն այն է, որ ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում նախընտրական ցուցակում ներառելու համար, ու նաև այդ հարցերում է կուսակցությունում թեժ քննարկումներ ընթանում: Կարծես թե, հստակեցվում է մի բան, որ ԼՀԿ-ի ցուցակի առաջին կինը ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանն է լինելու:
Լուսավորականները նաև պատրաստվում են համագումարի. շաբաթ Երևանում համագումար կանեն, որտեղ տարբեր հարցերի հետ կապված հստակեցումներ կմտցնեն:
Ի դեպ, հստակ է նաև մի բան, որ ԼՀԿ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանը:
Թերթը փորձել է ԼՀԿ-ի նախընտրական ցուցակների վերաբերյալ տեղեկությունները ճշտել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից, որը հայտարարել է, որ ցուցակների հարց իրենք դեռևս չեն քննարկել: