12/05/2021 14:32
Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը. Արշավիր Ղարամյան
Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը, այս մասին գրել է գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը։
«Օգտվելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից, իսրայելա-պաղեստինյան բախումներից, ՀՀ-ում գործող դեգեներատ իշխանությունների անկարողությունից (իսկ փաստացի՝ Հայաստանի անիշխան վիճակից, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական հանրապետության խորհրդարանն արձակված է, երկրի նախագահը գտնվում է արձակուրդում, իսկ վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթված է) և Թուրքիայի նկրտումներից՝ այդ ամբողջ խառնաշփոթ վիճակից շահող դուրս գալու մտադրություններից, ադրբեջանցիներին հրահանգավորվել է անհապաղ տիրանալ Մեծ Իշխանասար լեռան բարձունքներին ու դրանով իսկ վերահսկողություն սահմանել Սիսիանի օդանավակայանի նկատմամբ, որը արցախյան վերջին պատերազմից հետո վեր է ածվել խոշոր ռազմաբազայի և Սյունիքի անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից է», - գրել է Ղարամյանը։
Հիշեցնենք՝ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել. հարյուրներով շարված են:
Գորիսի մյուս քաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ հայտնել էր, թե թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու:
Պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հաստատելով, որ Ադրբեջանը փորձել է աշխատանքներ իրականացնել Սյունիքում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանն Aysor.am-ին հայտնել է, որ գյուղում իրավիճակը հանգիստ է. ո՛չ կռիվ կա, ո՛չ կրակոց։
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ Aysor.am-ին ասել էր, թե ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը. ռուսները բանակցում են։