13/05/2021 11:17
Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ. իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել, գործ ունենք ճգնաժամի հետ. Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկություններ հաղորդեց Սյունիքից:
«Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրիչ գործողություն է իրականացրել ու հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում, ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա ու իրադրությունը շարունակում է մնալ նույնը, դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ ու այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով, բայց ուզում եմ ասել, որ իրադրութունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն ու բախում չկա», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս:
«Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են», - ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների առկայության մասին ապատեղեկատվությունը:
Փաշինյանը նշեց, որ այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել, քանի որ «գործ ունենք ճգնաժամի հետ»:
«Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը մնա ու լինի անձեռնմխելի ու մեր խնդիրն է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է ետ քաշվի ելման դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը: Հիմա տեղում ընթանում է աշխատանք, այսօր կառավարության նիստից հետո կունենանք ԱԽ նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները ու կկայացվեն անհրաժեշտ որոշումներ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ», - ասաց վարչապետի պաշտոնակատարը: