13/05/2021 13:04
Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պարզել Սյունիքում տեղի ունեցած սահմանային իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ
ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ, այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ այսօր կառավարության նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկություններ հաղորդեց Սյունիքից:
«Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրիչ գործողություն է իրականացրել ու հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում, ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա ու իրադրությունը շարունակում է մնալ նույնը, դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ ու այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով, բայց ուզում եմ ասել, որ իրադրութունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն ու բախում չկա», - ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս:
«Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են», - ասել է նա:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների առկայության մասին ապատեղեկատվությունը:
Փաշինյանը նշել է, որ այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել, քանի որ «գործ ունենք ճգնաժամի հետ»:
«Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը մնա ու լինի անձեռնմխելի ու մեր խնդիրն է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է ետ քաշվի ելման դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը: Հիմա տեղում ընթանում է աշխատանք, այսօր կառավարության նիստից հետո կունենանք ԱԽ նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները ու կկայացվեն անհրաժեշտ որոշումներ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: